«Փաստ». Չեն պատրաստվում հանդուրժել բանակի վերջնական քանդումը
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս իր հերթական հրապարակային ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր Արցախի Պաշտպանության բանակը կրճատելու մասին։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում շատ ծանր են ընդունել ՊԲ-ն կրճատելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։
Ճիշտ է՝ Փաշինյանն իր խոսքում ակնարկում էր, որ դա կարող է տեղի ունենալ, եթե լինի միջազգային երաշխիք, ինչպես նաև ապառազմականացված տարածք, սակայն այս ամենն Արցախում ընկալել են որպես Պաշտպանության բանակը քանդելու գործընթացի վերջնական փուլ։ Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ այս հարցով Արցախում առկա է կոշտ դիմադրություն։
Մասնավորաբար, Արցախում հստակ նշում են, որ թույլ չեն տա նման բան, և Փաշինյանը չի այն անձը, որ որոշի, թե արցախցին ինչպես պաշտպանվի, և չեն պատրաստվում հանդուրժել բանակի վերջնական քանդումը»: