ԵՄ-ն քննադատել է Կիպրոսի օկուպացված հատվածին Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ շնորհելը
ԱշխարհԵվրահանձնաժողովը դատապարտել է Թյուրքական պետությունների կազմակերպությունում այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» որպես դիտորդ պետություն ընդունելու Թուրքիայի հայտարարությունները, հայտնում է Kathiemrini-ն։
«Այս որոշումը, որը սպասում է կազմակերպության անդամների վավերացմանը, ցավալի է եւ հակասում է այն փաստին, որ կազմակերպության մի քանի անդամներ վճռական աջակցություն են հայտնել տարածքային ամբողջականության սկզբունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«ԵՄ-ն, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակով, բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ն ճանաչում է Կիպրոսի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի համաձայն»,- շարունակել է նա: «Կիպրոսի թուրքական անջատողական կազմավորման միջազգային ճանաչմանը նպաստող ու աջակցող ցանկացած գործողություն լրջորեն վնասում է ՄԱԿ-ի հովանու ներքո կարգավորման բանակցությունների վերսկսման վրա բարենպաստ ազդող պայմանների ստեղծման ջանքերին»:
Ստանոն նաեւ հաստատել է ԵՄ-ի հավատարմությունը երկգոտի, երկհամայնքային դաշնությանը՝ քաղաքական հավասարությամբ: «Սրան այլընտրանք չկա»,- պարզաբանել է նա։