Էմանուել Մակրոնը զանգահարել է Ալիևին
ԱշխարհՆոյեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։
«Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ նոյեմբերի 19-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի մտադրությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի, Եվրամիության և Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ ձևաչափով Պրահայի հանդիպման արդյունքների և դրանից բխող հարցերի շուրջ։
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։
Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կողմից վերջին օրերին արված հայտարարությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգին»,- ասված է հաղորդագրության մեջ։