ԱՄՆ-ում բացահայտել են Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցությունների մանրամասները
ԱշխարհԹուրքիայում կայացած հանդիպման ժամանակ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը և ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը քննարկել են ԱՄՆ-ի կալանավորված քաղաքացիների դեպքերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հետևանքները: Բանակցությունների մանրամասները CNN-ին տված հարցազրույցում բացահայտել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
Հեռուստաալիքի զրուցակիցն ընդգծել է, որ Վաշինգտոնը նախկինում բացահայտ հայտարարել է, որ ռիսկերի կառավարման հարցերով Ռուսաստանի հետ հաղորդակցվելու ուղիներ ունի։ Սա մասնավորապես վերաբերում է «միջուկային ռիսկերին և ռազմավարական կայունության ռիսկերին»:
Նա հավելել է, որ Բերնսը «ոչ մի բանակցություն չի վարում» և չի քննարկում ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Փոխարենը ԱՄՆ ներկայացուցիչը նախազգուշացում է ուղարկել միջուկային զենքի կիրառման հետևանքների և ռազմավարական կայունության սրման ռիսկերի մասին։ Բացի այդ, խորհրդի ներկայացուցիչը պնդում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի կալանավորված քաղաքացիների գործերը։