Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն հատկացնելը
ԱշխարհՀունգարիայի ֆինանսների նախարար Միհալի Վարգան հայտարարել է, որ երկիրը դեմ է փոփոխությունների ընդունմանը, որոնք թույլ կտան Ուկրաինային 2023 թվականին ստանալ 18 միլիարդ եվրո օգնություն։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նիստում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Հունգարիան դեմ է ֆինանսական օրենսդրության փոփոխությանը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան կշարունակի արգելափակել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը նախարարների մակարդակով, քանի դեռ ուկրաինական իշխանությունները չեն վերադարձնել իրենց օրինական իրավունքները Անդրկարպատիայի էթնիկ հունգարացիներին։ Այս մասին Ռումինիայի Բուխարեստում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Սիյարտոյի խոսքով, Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Հունգարիայի իշխանությունները չեն բարձրացրել Անդրկարպատյան հունգարացիների հարցը Կիևի հետ հարաբերություններում, և առայժմ չեն պատրաստվում դա անել:
2017 թվականից Հունգարիան արգելափակում է Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստերը նախարարների մակարդակով՝ բողոքելով Կիևի իշխանությունների կողմից «Կրթության մասին» օրենքի ընդունման դեմ։