ՀՀ ՄԻՊ-ն ԱՄՆ Պետդեպում քննարկել է թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումները
ԻրավունքՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։
Մասնավորապես Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի պրոակտիվ հայտնաբերման ու արդյունավետ քննության ուղղություններով կոնկրետ անելիքներ, որոնք կարող են իրավիճակ փոխել։
Զրուցակիցները կարևորել են որպես անկախ մարմին ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկումն ու տարեկան զեկույցով Ազգային ժողովին ու քաղաքականության այլ մշակողներին կոնկրետ առաջարկությունների ներկայացման փաստը։ Միևնույն ժամանակ Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված առաջնահերթ ուղղություններով առավել ակտիվ համագործակցություն իրականացնելու վերաբերյալ։
Պետդեպարտամենտի Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պետդեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռաշադ Հուսեյնի հետ։ Հանդիպմանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները, ինչպես նաև կրոնական ազատությունների իրացման հետ կապված իրավիճակն ու հաստատության աշխատանքի ուղղությունները։