Բելառուսում քրեական պատասխանատվություն կսահմանվի բանակը վարկաբեկելու համար
ԱշխարհԲելառուսում մտադիր են քրեական պատասխանատվություն մտցնել բանակը վարկաբեկելու համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի Telegram ալիքը։
«Քրեական պատասխանատվության մասին օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ առաջարկվում է պատասխանատվություն սահմանել Բելառուսի զինված ուժերին վարկաբեկող միտումնավոր կեղծ տեղեկությունների տարածման համար։
«Նման իրավական նորմի ներդրումը արդյունավետ կանխարգելիչ միջոց կլինի բելառուսական բանակի և այլ «ուժային կառույցների» մասին կանխամտածված կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման համար»,- ասվում է խորհրդարանի ստորին պալատի հայտարարության մեջ։
Պատգամավորներն օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել են չորեքշաբթի օրը։ Փոփոխությունները ուժի մեջ մտնելու համար օրենքի նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվի խորհրդարանի ստորին պալատի կողմից, հաստատվի վերին պալատի կողմից և ստորագրվի նախագահի կողմից։