Դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետին
ՀայաստանԴեկտեմբերի 8-ին Ավստրալական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը հաջողություն մաղթեց դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և խոստացավ ամենայն աջակցություն նրա հետագա գործունեությանը:
Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում իր համար պատիվ է լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանը Ավստրալիայում: Նա հույս հայտնեց, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ավստրալական երկկողմ միջպետական հարաբերությունները առաջիկայում կբարձրացվեն որակական նոր մակարդակի:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամենայն ջանք ներդնել հայ-ավստրալական բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծեցին նաև Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը Հայաստանի և Ավստրալիայի հասարակություններին մերձեցնելու և երկու երկրներն միմյանց համար ավելի ճանաչելի դարձնելու գործում: