Կադիրովին քննադատած բլոգերն իրականում ողջ է․ նա գտնվում է շվեդական ոստիկանության պաշտպանության տակ
ԱյլՉեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը ողջ է և գտնվում է շվեդական ոստիկանության պաշտպանության տակ, հայտնում է «Кавказ.Реалии»-ն՝ «Իչկերիայի Չեչենական Հանրապետության կառավարության մամուլի ծառայությանը» հղումով։
«Ըստ Իչկերիայի Չեչենական Հանրապետության կառավարության ունեցած տեղեկությունների՝ Թումսո Աբդուրախմանովը ողջ է և գտնվում է շվեդական ոստիկանության պաշտպանության ներքո»,- ասել է խոսնակը։ Նա վկայակոչել է «տեղեկության իր աղբյուրներին» և չի կարողացել հստակեցնել, թե ինչու է Աբդուրախմանովը պաշտպանության տակ։
«Кавказ.Реалии»-ի խմբագիրները պաշտոնական խնդրանքով դիմել են շվեդական ոստիկանությանը։
«Այժմ մենք ոչինչ չունենք ավելացնելու մեր նախորդ մեկնաբանությանը»,- ասվում է գերատեսչության մամուլի քարտուղար Իրեն Սոկոլովի պաշտոնական պատասխանում։ Ավելի վաղ շվեդական ոստիկանությունը չէր հաստատել կամ մեկնաբանել Աբդուրախմանովի հնարավոր սպանության մասին տեղեկությունը։
Շվեդիայում Աբդուրախմանովի մահվան մասին չհաստատված տեղեկությունը հայտնվել էր դեկտեմբերի 1-ին։ Միաժամանակ մի շարք չեչեն հասարակական գործիչներ կասկածի տակ էին դրել բլոգերի մահվան վերաբերյալ տվյալների հավաստիությունը։