ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ ՄԻ խորհրդի նախագահին է ներկայացրել ԱՀ-ՀՀ միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքները
ԻրավունքԱյսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։ Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։
Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների և ընդհանրապես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում կատարած կարևոր աշխատանքի համար։
Քրիստիննե Գրիգորյանն առիթն օգտագործել է Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացնելու ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը և կարևորել, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նման ազդակները։
Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմների շրջանակներում նման հարցերի զգայունացման հնարավորությունների մասին։