Հուսով եմ, որ թուրքմենական գազը մոտ ապագայում կսկսի Թուրքիա հասնել Կասպից ծովով. Էրդողան
ԱշխարհԱնկարան առավելագույն ջանքեր է գործադրում թյուրքալեզու երկրների, այդ թվում՝ եղբայրական Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը զարգացնելու համար։ Այս մասին Թուրքմենստան մեկնելուց առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։
Նա տեղեկացրել է, որ նախատեսում է «Ավազա» զբոսաշրջային գոտում Թուրքմենստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել տարածաշրջանային եւ միջազգային գործընթացները: Թուրքիայի նախագահը նշել է, որ Բաքվի եւ Աշխաբադի հետ երկխոսության առաջնային ուղղություններից մեկը էներգետիկ ոլորտն է։ «Հուսով եմ, որ թուրքմենական գազը մոտ ապագայում կսկսի Թուրքիա հասնել Կասպից ծովով»,-ասել է նա։
Էրդողանը հավելել է, որ Թուրքմենստանում եռակողմ բանակցությունների օրակարգում են նաեւ տրանսպորտի եւ առեւտրի թեմաները։ «Ստորագրման ենք նախատեսում տարբեր փաստաթղթեր, որոնք կոչված են ամրապնդելու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջպետական համագործակցության իրավական բազան։ Մեր հիմնական նպատակն է նպաստել ոչ միայն երեք երկրների, այլեւ ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանն ու անվտանգությանը։ Կամրապնդենք փոխգործակցությունը եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընթացիկ հարյուրամյակը դառնա «թյուրքերի դար»»,-ասել է Էրդողանը։