Աշտարակի բնակչուհու գողացված ոսկյա զարդերը հայտնաբերվել են
ՀասարակությունԴեկտեմբերի 17-ի առավոտյան ոստիկանության Աշտարակի բաժնում նույն քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ մի կին ոսկեղենի գողության հաղորդում է ներկայացրել: Հայտնում են ոստիկանությունից:
Քաղաքացու ներկայացմամբ, նախորդ օրվա ցերեկը՝ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, մտել են իր բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից գողացել ոսկյա երկու մատանի և ձեռքի մեկ շղթա՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել՝ քրեական վարույթ:
Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց Բյուրական գյուղում հայտնաբերվել, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ նախորդ օրը, ժամը 13-ին, ինքն է բացել բնակարանի դուռը և կատարել գողությունը: Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ:
Տղամարդը և կազմված փաստաթղթերն ներկայացվել են նախաքննական մարմին: