«Խաղաղության խաչմերուկը» ողջունել են բազմաթիվ գործընկերներ, Իրանը նրանց շարքում առաջիններից էր
ՔաղաքականՈրպես ներառական և ոչ խտրական տրանսպորտային կապերի երկարամյա ջատագով՝ Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։ Այս մասին «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս նախագծի հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջև և դրանից անդին՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրագծերի վերակառուցման, կառուցման և շահագործման միջոցով։ Այս նախագծի իրականացման համար կարևոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավասորության հանդեպ հարգանք, ինչպես նաև հավասարություն և փոխադարձություն։ Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն։
Ուրախ եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր։ Ունենալով փոխադարձ հանձնառություն՝ ընդլայնելու մեր առևտրային և հաղորդակցային կապերը՝ Հայաստանը ձեռնարկում է ակտիվ գործնական քայլեր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, գնահատում է Չաբահար նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաև աշխատում է մեր երկրների միջև ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ»,- ասել է նա։