Ցերեկային լույսը օգնում է իմունային համակարգին պայքարել ինֆեկցիաների դեմ
Այլ
Օքլենդի համալսարանի (Նոր Զելանդիա) գիտնականները պարզել են, որ ցերեկային լույսը կարող է բարելավել իմունային համակարգի՝ ինֆեկցիաների դեմ պայքարելու ունակությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Science Immunology (SciIm) ամսագրում։
Գիտնականները կենտրոնացել են նեյտրոֆիլների վրա՝ ամենամեծ թվով իմունային բջիջների, որոնք առաջինն են արձագանքում բորբոքմանը և ոչնչացնում վնասակար մանրէներն ու այլ հարուցիչները։ Դրանց վարքագիծը դիտարկելու համար հետազոտողները օգտագործել են մոդելային օրգանիզմ՝ քաղցրահամ ջրերի ձկների թափանցիկ տեսակ, որը կոչվում է զեբրաձուկ։ Մարդկանց հետ իրենց գենետիկ նմանության և կենսաբանական գործընթացները իրական ժամանակում պատկերացնելու հնարավարության շնորհիվ այս կենդանիները դարձել են իդեալական փորձարկվողներ։
Ինչպես բացատրել է ուսումնասիրության գլխավոր հեղինակ, դոցենտ Քրիստոֆեր Հոլը, նախկինում նկատվել է, որ իմունային պատասխանը գագաթնակետին է հասնում առավոտյան ժամերին՝ օրգանիզմի կյանքի ակտիվ փուլի սկզբում։ Գիտնականի խոսքով՝ սա կարող է պայմանավորված լինել էվոլյուցիոն մեխանիզմով. ցերեկային ժամերին հարուցիչների հետ հանդիպելու հավանականությունն ավելի բարձր է, և օրգանիզմը պետք է պատրաստ լինի դրան։
Նոր աշխատանքը օգնել է բացահայտել, որ նեյտրոֆիլներն ունեն իրենց սեփական ցիրկադային ժամացույցը՝ ներքին կենսաբանական մեխանիզմ, որը զգայուն է ցերեկային և գիշերային փոփոխության նկատմամբ: Դրանք ցերեկային լույսի ազդեցությամբ ակտիվացնում են բջիջները և բարելավում դրանց՝ մանրէները ոչնչացնելու ունակությունը։
«Քանի որ նեյտրոֆիլները բորբոքման օջախ ժամանող առաջին բջիջներն են, մեր հայտնագործությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ բորբոքային հիվանդությունների բուժման համար», - ասել է Հոլը։ Գիտնականները հույս ունեն, որ ապագայում այս հայտնագործությունները կօգնեն մշակել նոր բուժումներ, որոնք ուղղված կլինեն իմունային պաշտպանությունը բարձրացնելուն՝ ցիրկադային ռիթմերի կարգավորման միջոցով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)