Կարենն իր ծննդյան օրը գրադով ոչնչացրեց ադրբեջանական ողջ գունդը
ՀասարակությունԿարեն Սեյրանի Հարությունյանը` ծնված 2000 թվականի հոկտեմբերի 8-ին, զոհվեց թշնամու դեմ մղած համառ մարտերում։ Նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 3 ամիս․ «Եղբայրս շատ բարի ու լավ անձնավորություն էր, բավականին կատակասեր էր ու գրեթե միշտ ժպիտը դեմքին» ,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում պատմեց Կարենի քույրը՝ Սրբուհի Հարությունյանը։
Կարենը ազատ ժամանակը շատ էր սիրում տրամադրել մեքենա վարելուն։ Հերոսը ուներ շատ նպատակներ և երազանքներ, որոնք այդպես էլ մնացին անկատար․ «Եղբայրս շատ էր ցանկանում իր սեփական գործը ունենալ։ Նա շատ կապված էր եղբայրներիս հետ, անհամբերությամբ սպասում էր, թե երբ է վերադառնալու, որ նորից լինեն միասին։ Կարենը միշտ ասում էր, որ պետք է աշխարհով շրջագայի»,- պատմում է Սրբուհին։
2019 թվականի հունվարի 13-ին Կարենը զորակոչվում է բանակ։ Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմական օրերին Կարենը շատ հպարտ էր և ուրախ․ «Եղբայրս միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու և ամեն անգամ խոսք էր տալիս, որ վերադառնալու է»,- ցավով նշում է հերոսի քույրը։
Կարենը իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին, գրադի 3 պակետով ոչնչացրել է մեկ ադրբեջանակ գունդ․ «Կարենը ընկերներին հարցրել է՝ կցանկանայիք, որ ձեր ծննդյան օրն էլ այսպիսի հրավառություն լիներ»,- հպարտությամբ նշում է Սրբուհին։
Հերոսը վերջին անգամ կապ է հաստատել իր եղբոր հետ, նրան գրել, որ իր հետ ամեն ինչ կարգին է․ հենց հարմար լինի կզանգահարի․ «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, եղբորը գրելուց ժամեր անց հերոսը մահանում է թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից»,- խորը կսկիծով նշեց անմահացած հերոսի քույրը:
Զվարթ Պետրոսյան