Թուրքիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել «պատմական հնարավորությունը»
Արտաքին ՔաղաքականՀարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում է CNN Türk-ը։
Նա կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։
«Մենք Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերությունները պահպանում ենք ամենաբարձր մակարդակով և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային խնդիրների լուծման համար։ Մենք ողջունում ենք պատերազմից հետո խաղաղության և կայունության օգտին Հայաստանի ընտրությունը և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»,– նշել է նա։
Ֆիդանը հիշեցրել է, որ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ անձանց։
«Հոկտեմբերին Ստամբուլում «3+3» հարթակի շրջանակներում հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գալով ոչ միայն հումանիտար հարցերը կլուծվեն, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար»,– ասել է թուրք նախարարը։