Առաքել Մովսիսյանի եղբայրները ՀՔԾ-ում հարցաքննվել են
ՔաղաքականՔիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին:
ԱԱԾ հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«ԱԱԾ-ն Առաքել Մովսիսյանի և /կամ/ իր եղբայրների հետ կապված որևէ գործունեություն չի իրականացրել»,- ասացին լրատվության բաժնից:
Չնայած նրան, որ Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը հաստատել է Մովսիսյանների հետ կատարվածի մասին տեղեկությունները, մեզ հետ զրոււյցում ՊԵԿ-ի և Ոստիկանության մամուլի ծառայությունից ևս հերքեցին այդ լուրը:
Քիչ առաջ Հատուկ Քննչական ծառայության մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ին ասաց, որ Մովսիսյանի եղբայրներին ՀՔԾն է բերման ենթարկել և հարցաքննել քրեական գործի շրջանակներում: Իսկ թե որ քրգործի, Օհանջանյանը չմեկնաբանեք՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է:
Արմինե Միքայելյան