Ուսանողուհին սպառնալից նամակներ է ստացել. նոր մանրամասներ Բրյուսովում տեղի ունեցած դեպքից
Հասարակություն«Վերջին շրջանում պարբերաբար սպառնալիք պարունակող նամակներ է ստացել անհայտ անձից։ Արդեն այսօր հաղորդագրություն է ստացել, որտեղ գրված է եղել՝ եթե ուզում է իմանալ, թե ով է գրում իրեն, բարձրանա 5-րդ հարկ։ Նա գնացել է, դատարկ լսարանում մի քանիսը հարձակվել են և դաժանորեն ծեծի ենթարկել, ձեռքերին ինչ-որ բաներ գրել։ Նա այլայլված էր, այլ մանրամասներ չպատմեց: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, այնուհետև ոստիկանություն՝ հարցաքննության»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին պատմեցին Վ. Բրյուսովի անվան համալսարանի որոշ ուսանողներ, որոնց այս տեղեկությունները փոխանցել են տուժած աղջկա համակուրսեցիները:
Թե որքանով են տեղեկությունները հավաստի և ինչ է իրականում տեղի ունեցել աղջկա հետ, պարզ կլինի միայն ոստիկանության իրականացրած աշխատանքներից հետո:
Սակայն, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը հերքեց տարածված լուրերը, թե աղջկան դանակահարել են կամ կտրել երակները. «Աղջիկը հուզված էր, չկարողացավ որևէ բան պատմել, միայն ասաց՝ բռնության է ենթարկվել, հարվածել են իրեն և ցավեր ունի գլխի և որովայնի շրջանում»,- ասաց Թամրազյանը:
Ի դեպ, ուշագրավն այն է, որ համացանցում տարածված մեկ այլ լուրի համաձայն՝ նույնաբովադակ նամակներ է ստացել նաև ուսանողուհու համակուրսեցին, որտեղ նշված է եղել՝ «հաջորդը դու ես»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ուսանողուհիներից մեկը հայտարարել է, որ բռնության է ենթարկվել:
Սոնա Հարությունյան