«Ոտքով կհասնենք Երևան և կստիպենք ազատել մեր նախագահին»․ Ստեփանակերտում բողոքի ակցիա է
Հասարակություն«Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը» այս պահին Արցախի հանրապետության Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահի։
«Դիմում ենք, որ անհապաղ ազատ արձակեն Ռոբերտ Քոչարյանին, եթե հարկ լինի, մենք այստեղից կարող ենք ոտքով հասնել Երևան և ստիպել, որ ազատեն մեր նախագահին»,- այս մասին հայտարարեցին հավաքվածները և սկսեցին վանկարկել․ «Ազատություն, ազատություն մեր ղեկավարին»։
Հավաքվածները պնդում են, որ թե' Եվրոպան և թե' Հայաստանի հազարավոր բնակիչներ Ռոբերտ Քոչարյանի կողքին են։
«Ով չգիտի, թե ինչ է տեղի ունեցել 1991-95 թվականներին, նա չի կարող մեզ հասկանալ, մենք լիահույս ենք, որ ամանորին մեր նախագահը կլինի իր ընտանիքի անդամների կողքին»,- իր ելույթում ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը։
Հատկանշական է, որ ցուցարարների մեծ մասի ելույթները ռուսերեն են։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կայցրել էր դեկտեմբերի 7-ին, նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ