Բերդ քաղաքում մոր և որդու սպանության կասկածանքով 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել
ՀասարակությունՏավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի 27 ամյա բնակիչ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Նախաքննության տվյալներով վերջիններս մայր ու որդի են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: