Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մարզադաշտեր կկառուցի հիմնականում մարզերում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը վստահեցնում է, որ ՀՖՖ-ն տարբեր համայնքներում մի շարք մարզադաշտեր կկառուցի գալիք տարի:
«Մենք բավական մեծ ծավալի վերլուծություն ենք արել` ինչ է կատարվում մեր ֆուտբոլային տնտեսությունում, և հասկանում եք` իհարկե, անզեն աչքով էլ է երևում, բայց վերլուծությունը ցույց է տալիս էլ ավելի խորությունը խնդիրների: Դա մարզերում ֆուտբոլի բացակայությունն է, որովհետև մենք ունենք Հայաստանում ընդամենը 29 բնակավայր, որտեղ կազմակերպված ֆուտբոլ են խաղում: Եթե անգամ հաշվենք, որ բնակավայրերից շատերը խոշորացել են, դա շատ փոքր տոկոս է կազմում՝ 1 կամ մի փոքր ավելին: Եվ Հայաստանի մանկապատանեկան կամ որևէ տիպի առաջնությունում խաղում են ընդամենը 29 բնակավայր Հայաստանում, և դա շատ վատ ցուցանիշ է: Հիմնականում ֆուտբոլը կենտրոնացված է Երևանում, այդ ուղղությամբ մենք հիմա շատ ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, սկսելու ենք պայմաններ, ենթակառուցվածքներ ստեղծել մասսայական ֆուտբոլի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքբեկյանը:
ՀՖՖ-ն արհեստական խաղադաշտեր է կառուցում տարբեր համայնքներում, ընդհանուր առմամբ, կկառուցվի 20 մարզադաշտ:
«Առաջին տարին է դժվար լինելու մարզադաշտերի կառուցման հարցում: Եթե մենք ընդամենը 29 բնակավայրում ենք կազմակերպված ֆուտբոլ խաղում, ապա Հայաստանում այդքան խաղադաշտ կառուցելու համար տեղ կա: Իսկ թիվը պայմանավորված է նրանով, որ մենք նախ օգտագործելու ենք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ներդրումային ծրագրերի ստացած գումարները՝ դաշտեր կառուցելու համար, և հետո հովանավորներից կամ մարքեթինգից ստացած գումարները նույնպես օգտագործելու ենք այդ ծրագրի համար»,- շեշտեց նա: