Ներե՞լ, թե՞ չներել. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ
ԻրավունքՕրերս տեղեկություն էր տարածվել, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն էր տվել, ըստ մեղադրանքի՝ համակուրսեցուն դաժանաբար սպանած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի: Սա բողոքի ալիք էր բարձրացրել ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ՝ բժիշկների: Վերջիններս, ի նշան բողոքի, ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ Ենոքյանի:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, շուրջ 200 բժիշկ է միացել ստորագրահավաքին՝ տարբեր հիվանդանոցներից:
Մեզ հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը նշեց, որ բժիշկների բողոքին է միացել նաև ԵՊԲՀ ռեկտոր, բժիշկ Արմեն Մուրադյանը:
«Քանի որ սպանվածը հայտնի բժշկական ընտանքի անդամ է, բժիշկները կոչ են անում համաներում չկիրառել այդ անձի նկատմամբ: Երևույթը դատապարտելի է և համամարդկային չէ նկարագրված երևույթը»,- ասաց Դանիելյանը:
Նշենք, որ ներման հանձնաժողովում ընդգրկված են արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, առողջապահության նախարարի տեղակալ Ս Խաչատրյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ա. Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:
Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ավելի վաղ դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը։
«Սա այն դեպքը չէ, որ հայեցողական լիազորությամբ հրեշ մարդասպանը կարող է ներում ստանալ, նա գող կամ խաբեբա չէ, նա հարկ չի թաքցրել, նա իմ միակ որդուն ու մեզ է սպանել և արդեն 22 տարի»,– ասված է նամակում:
Իսկ դրանից հետո, արդարադատության նախարարի կողմից Ենոքյանին ներում շնորհելու նախագծին դրական եզրակացություն տալու խոսակցություններից հետո Աղաջանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկեղծ, չեմ հասկանում. իմ միտքն ի զորու չէ հասկանալ, թե մարդասպանին հրապարակային «բռավո» գոռալուց և ստոր ստեր պարունակող հոդվածների տակ մեկնաբանություններ անելուց առաջ ինչ են մտածում մարդիկ... Արդյոք նրանք մտածո՞ւմ են այն մասին, թե ինչ կզգային իրենք, երբ մհերներն իրենց հարազատի պարանոցը կտրեին, որից հետո բարձր, շատ բարձր սեր ու համերաշխություն գոռային, արդարությունից ու արդարադատությունից խոսեին, արդյոք նրանք երբևէ մտածո՞ւմ են այն մասին, թե ինչ ենք զգում մենք իրենց «բավոները» կարդալիս...»:
Նկատենք, որ որդեկորույս հայրն իր գրառման անդրադառնում է նաև նրան, որ իր ընտանիքին զրպարտում են.
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն անազատության մեջ է արդեն 23 տարի: Նրան մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Նա 2 անգամ դիմել է փախուստի ու բռնվելով՝ կրկին դատապարտվել։ Կալանավայրում Ենոքյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, գրել է գրքեր:
Արմինե Արմենակյան