Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանին
ՔաղաքականՀայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է մերժել քննություն իրականացնել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի հիման վրա, այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանից։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հունվարի 8-ին դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով.
«Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:
Դիմողի ներկայացմամբ, քրեական դատավարության օրենսգրքի նշված դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:
Դիմողի կարծիքով՝ վիճարկվող դրույթը և դրան տրված մեկնաբանության արդյունքում վրա հասած հետևանքներն ուղղակիորեն հանգեցնում են Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման, ինչպես նաև խեղաթյուրում և իմաստազրկում են Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Սահմանադրական դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը մերժել է մի քանի պատճառաբանությամբ։ Մասնավորապես, ըստ Սահմանադրական դատարանի, այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն:
Բացի այդ, ըստ ՍԴ որոշման, Սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: «Դատավորի և, հետևապես՝ դատարանի անկախության առանցքային կանոնն ամրագրող այս դրույթը, ի թիվս այլնի, ամրագրում է նաև Սահմանադրությանը համապատասխան գործելու դատավորի պարտադիր լիազորությունը, ինչը նշանակում է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանին: Դատարանների կողմից սահմանադրական նորմերի ճիշտ և միատեսակ ընկալմամբ, մեկնաբանմամբ և կիրառմամբ է պայմանավորվում նաև սահմանադրականության հաստատումը», -նշված է ՍԴ որոշման մեջ։
Նշվում է նաև, որ Վճռաբեկ դատարանի գործառույթների սահմանման միջոցով սահմանադիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ Վճռաբեկ դատարանը տարբերվում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններից հատկապես նրանով, որ վարույթ չի ընդունում և չի քննում ցանկացած գործ:
Մանրամասները՝ այստեղ։