ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը ողջունելի է. Արշավիր Ղարամյան
ԲլոգոսֆերաԱրցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցից հետո հայտարարել է, թե այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների պատճառով չեն կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ):
Զարմանալի էր, որ Վանեցյանի այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, ճիշտ է՝ բացասական արձագանքները չափազանց քիչ էին, սակայն դրանց գոյությունն արդեն լուրջ մտածելու առիթ է տալիս:
Վստահ եմ, որ ԱԱԾ համակարգում, անհրաժեշտ պայմանների ստեղծման պայմաններում, հնարավոր է զինհաշմանդամների համար արդյունավետ աշխատանքի պայմաններ ստեղծել:
Տարիներ առաջ, այս անչափ կարևոր ճանապարհով գնաց նաև մեր ընկերներից՝ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը, ով իր գլխավորած կառույցում, 3 տասնյակից ավելի աշխատատեղ էր ապահովել հաշմանդամների համար:
Ի դեպ, այս փորձը կիրառվեց նաև Արցախում, որով հաշմանդամների համար շատ կարևոր հարց լուծեց:
Այսպիսի նախաձեռնությունները պետք է լավ օրինակ լինեն ոչ միայն պետական ապարատի, այլ նաև մասնավոր կազմակերպությունների համար: