Բաքուն հայտարարել է, թե օկուպացված Ակնայում ականի վրա քաղաքացի է պայթել
Աշխարհ
Օկուպացված Ակնայում այսօր ական է պայթել։ Ադրբեջանի ՆԳՆ-ի Գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունների համատեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքի վնասվածք է ստացել հարևան գյուղի բնակիչ 1983 թ-ին ծնված Մամեդով Սաբուհի Էլմանօղլուն։
Պայթյունը եղել է Էլմանօղլունի՝ ականներից չմաքրված տարածք մտնելուց հետո։ Հաղորդվում է, թե տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
Նշենք, որ օրերս Բաքուն Հայաստանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» էր պահանջել, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտարարել էին, որ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։
