Կան հիվանդություններ, որով տառապող դատապարտյալը պիտի ազատվի պատժից․ նախարարը՝ Մանվել Գրիգորյանի մասին
ՔաղաքականԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցին, հայտարարեց, որ դատական համակարգում բարեփոխումներ են իրականացվում:
Ըստ զեկույցի՝ թեև 2018 թ. արձանագրվել է առաջընթաց ՀՀ-ի համար, այդուհանդերձ դատական համակարգը մնում է ամենախնդրահարույցը, դատարանների հիմնական անկախության և չեզոքության հարցում դեռևս չկա առաջընթաց, նաև դատավորների անկողմնակալությունը կասկածի տեղիք է տալիս:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանների կողմից՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների հարցով ՄԻԵԴ բողոքին, նախարարն ասաց․
«Սա վեճ է, և սա, բացի գործնական լինելուց, նաև գիտական վեճ է ՄԻԵԴ-ում: Կա հիվանդությունների ցանկ, որով տառապող դատապարտյալները պետք է ազատվեն պատժի կրումից, քանի դեռ ունեն այդ հիվանդությունները, և դա չէր տարածվում կալանավորների վրա: Ես նախաձեռնել եմ ենթաօրենսդրական փոփոխություն, որպեսզի դա տարածվի նաև կալանավորների կողմից՝ անկախ նրանից, թե նման հարց ՄԻԵԴ-ում բարձրացվո՞ւմ է, թե՞՝ ո՛չ, այդ հարցը մեր օրակարգում եղել է մինչև Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը»,-ասաց Զեյնալյանը: