Սահմռկեցուցիչ դեպք Արարատի մարզում․ մայրը, տատը և խորթ հայրը կասկածվում են 2-ամյա տղային ծեծի ենթարկելու, հետո քնաբեր խմեցնելու, նրան մահ պատճառելու մեջ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր․-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մազի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, ովքեր հայտնել են, որ փերտվարի 6-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։
Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով