Կառավարությունը ո՞վ է, որ արձանագրի, թե դատարանի որոշումը սխալ է
ՀասարակությունՔիչ առաջ Կառավարությունը հայտարարություն տարածեց այն մասին, թե ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով, և դատարանը չի կարող գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ եթե Կառավարությունը գտնում է՝ դատարանի որոշումը սխալ է, ապա թող դիմի Վերաքննիչ վարչական դատարան, այլ ոչ թե հայտարարություններ տարածի:
«Կառավարությունը ո՞վ է, որ արձանագրի, թե դատարանի որոշումը սխալ է: Թող փորձի իրավական այլ ճանապարհներով իր դիրքորոշումը դարձնել դատարանի որոշում: Դատարանն իր որոշումը արդեն կայացրել է, և բոլորը՝ սկսած ՀՀ նախագահից, վարչապետից, վերջացրած շարքային քաղաքացիներով, պարտավոր են հարգել այդ որոշումը. դա է ենթադրում իրավակարգը: Դատարանը էլ ինչի՞ համար է, եթե իր որոշումը չպետք է կատարվի կամ կիրառվի, Կառավարության այս մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան իրավակարգի բացառում և հերթական հանցագործություն՝ Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի կողմից»,-ընդգծեց իրավապաշտպանը:
Բացի իրավական ճանապարհով լուծումներ գտնելուց՝ Կառավարությունը կարող է դիմել այլ քայլերի. «Կարող են գնալ, օրինակ, Օնիկ Գասպարյանին հանել իր աշխատասենյակից և տեղավորել այնտեղ՝ իրենց կարծիքով ԳՇ պետք հանդիսացող սուբյեկտին»,- նշեց Մելիքյանը:
Այս պահին ՀՀ իրավական համակարգով՝ ԳՇ պետ է Օնիկ Գասպարյանը:
Արփինե Հակոբյան