Դատարանը սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների և դատախազների նկատմամբ
ԻրավունքԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 2-ին քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի ու Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը: Ըստ դատավորի` նրանց վարքագիծը հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը:
Դատարանը արձանագրում է, որ դատավարության ցանկացած մասնակից, այդ թվում՝ պաշտպանները և դատախազները, պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին, գտնվել դատական նիստերի դահլիճում մինչև դատական նիստի ավարտը կամ մինչև ընդմիջում հայտարարելը և իրականացնել իրենց դատավարական պարտականությունները: Ինչ վերաբերում է մեղադրողների չներկայանալուն, դատարանը արձանագրեց, որ դատավարության ցանկացած մասնակից պարտավոր են պատշաճ ներկայանալ դատական նիստերին և միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը չի կարող ազատել վերը նշված պարտականությունները կատարելուց:
Դատարանը ոչ իրավաչափ է գնահատում պաշտպանների սույն թվականի մարտի 23-ի դատական նիստին դրսևորած վարքագիծը, ինչպես նաև մեղադրողների սույն թվականի մարտի 30-ին դրսևորած վարքագիծը:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա նկատողություն»,- ասաց Աննա Դանիբեկյանը: