Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է Արցախի հայերին
ԱրցախԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր Արցախում հայ դիպուկահարը գնդակահարել է ադրբեջանցի զինվորի:
«Այս ահաբեկչական գործողությունը հետաքննելու համար հարցում է ուղարկվել Ակնայում գործող ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը նաև սպառնացել է Արցախի Հանրապետության հայերին.
«Ադրբեջանը վճռական քայլեր կձեռնարկի Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ահաբեկչական գործողություն կատարած անօրինական հայկական զինված խմբավորումներին չեզոքացնելու և օրենքի առաջ նրանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվությունն էր տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:
Ավելի վաղ էլ ապատեղեկատվություն էր տարածվել, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ուժերը կրակ են բացել ադրբեջանական ոստիկանության ավտոմեքենայի վրա։
Հիշեցնենք նաև, որ օրերս Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակիչ էր զոհվել: