Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել․ Իրանի նախագահ
Աշխարհ
«Անընդունելի է, որ նրանք (ամերիկացիները) պատժամիջոցներ կիրառեն մեր բոլոր ռեսուրսների և հաղորդակցությունների դեմ, իսկ հետո մեզանից պահանջեն բանակցությունների մեջ մտնել, որտեղ պետք է ընդունենք նրանց պայմանները: Մենք պատրաստ ենք բանակցել, ինչպես ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անուղղակիորեն, արժանապատվորեն և ազգային հպարտությամբ»,- այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ երաշխիքներ, որ չենք ձգտի միջուկային զենք ստեղծել, սա արդեն հազար անգամ ասվել է»,- հավելել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ Խամենեին «երբեք դեմ չի եղել Իրանում ամերիկյան ներդրումներին»։
«Նա դեմ է նրանց խաբեբայական քաղաքականությանը: Իրանը երկիր չէ, որի դեմ կարելի է դավադրություն անել»,- ասել է Փեզեշքիանը՝ հիշեցնելով, որ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ օրը Օմանում անուղղակի բանակցություններ կվարի ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ «հիմնվելով Գերագույն առաջնորդի ցուցումների վրա»:
