«Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման. Ալիևը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Ադրբեջան«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է եռակողմ հայտարարության մեջ: Սա պարտավորություն է Հայաստանի համար։ «Զանգեզուրի» և Լաչինի միջանցքներում մուտքի ռեժիմները պետք է լինեն նման: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
««Զանգեզուրի միջանցքի» իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքում է»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, թե եռակողմ հայտարարություններում ասվում է, որ Բաքուն ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Ի պատասխան՝ Երեւանը պետք է ապահովի նույն անխոչընդոտ մուտքը դեպի «Զանգեզուրի միջանցք»։
«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով` այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Նախիջեւան երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ։ «Բայց ճանապարհի ստույգ երթուղին դեռ որոշված չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այս հարցը մենք անպայման կքննարկենք այսօր երեկոյան կայանալիք եռակողմ հանդիպմանը (ԵՄ-Ադրբեջան-Հայաստան):
««Զանգեզուրի միջանցքը» միայն մեզ համար չէ, որ Ադրբեջանը մուտք գործի Նախիջևան։ Դա Հայաստանին անհրաժեշտ է նաև Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար։ Այնպես որ, դա իսկապես դրական մթնոլորտ կստեղծի»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
Ըստ Ալիևի` «Փաշինյանի ու Միշելի հետ այսօրվա հանդիպումը շատ բան կպարզաբանի»: