Պատրաստ եմ Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցը․ Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Իսկ այնտեղից ինչ-որ ելք գտնելու համար պետք է կատարել այն առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,֊ ասել է նա եվրոպական երկրների և Ուկրաինայի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար կարևոր են։ Բայց ես վստահ եմ, որ այս հանդիպմանը այդ որոշումը չի կայացվի։ Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այդ մասին, ապա, ամեն դեպքում, դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ նաև և՛ Ռադայի, և՛ Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է Զելենսկին։