Փաշինյան֊Պուտին հեռախոսազրույցից հետո Ալիևը զանգահարել է Պուտինին
ԱշխարհՌուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
«Շեշտվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների լիարժեք իրականացման, ինչպես նաև եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պուտինն ու Ալիևն անդրադարձել են սահմանի սահմանազատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքների մեկնարկին։
Ավելի վաղ, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։