Իրաքի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային անհապաղ դադարեցնել երկրի դեմ սադրիչ գործողությունները
ԱշխարհԱպրիլի 19-ին Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեին՝ կապված երկրում թուրքական զորքերի գործողությունների հետ, հատկապես երկրի հյուսիսում նրանց կողմից ձեռնարկված ռազմական գործողության ֆոնին։ Այս մասին հայտնում է Իրաքի ԱԳՆ-ն իր կայքում։
Թուրքիայի դեսպանին հանձնվել է բողոքի նոտա, որով կոչ է արվել «անհապաղ դադարեցնել սադրիչ գործողություններն Իրաքի դեմ»։
«Անհրաժեշտ է հարգել մեր երկրի ինքնիշխանությունը։ Թշնամական գործողությունները կանխելու համար Իրաքը կարող է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոց՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան։ Ուստի մենք պահանջում ենք բոլոր թուրքական զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից», - հայտնել են նախարարությունից։
Բացի այդ, Իրաքի ԱԳՆ-ն նշել է, որ «թուրքական բանակի կողմից երկրի հյուսիսում իրականացված գործողությունը համաձայնեցված չի եղել Իրաքի կառավարության հետ»։
Ի պատասխան սրա` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե իբր Անկարան «հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և ապահովում է իր սահմանների ու քաղաքացիների անվտանգությունը»։