ՇՕ-ն դեպքի վայր է հասել ահազանգից 7 րոպե անց․ քաղաքապետարանը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց։
«Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել
Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»։
Հիշեցնենք, որ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկից անգիտակից վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել 40-45 տարեկան տղամարդու։ Նա մահացել է։