Դեռ վաղ է եզրակացություններ անել կործանված ինքնաթիռի վրայի անցքերի մասին․ Ղազախստանի փոխվարչապետ (տեսանյութ)
ՏեսանյութերՂազախստանում կործանված ինքնաթիռի վրայի անցքերի ծագման մասին նախնական տվյալների հիման վրա եզրակացություններ անելը վաղաժամ է։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, փոխանցում է ORDA-ն։
Նա այսպես է մեկնաբանել ինքնաթիռի պոչի հատվածը ցուցադրող տեսանյութը, որում երևում են «հրետակոծության նման հետքեր», նշում է ORDA-ն: Կադրերում կարելի է տեսնել բազմաթիվ փոքր անցքեր ֆյուզելյաժի վրա:
«Ես չեմ համարձակվում ժամանակից շուտ հայտարարություններ անել։ Անգամ նախնական եզրակացություններն անհնարին են։ Կան մասնագետներ, որոնք կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ, հետազոտություններ։ Առայժմ անհիմն ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Բոզումբաևը։
Նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները ավիավթարի փաստով քրեական գործ են հարուցել, և արդեն դեպքի վայր են ժամանել քրեագետներն ու քաղաքացիական ավիացիայի փորձագետները՝ հետաքննություն անցկացնելու համար։
«Քրեական գործի շրջանակներում փորձաքննություններ կիրականացվեն հարևան պետությունների ծառայությունների հետ համագործակցությամբ»,- եզրափակել է նա։