Մակրոնը պաշտոնապես երկրորդ անգամ ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, մայիսի 7-ին պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը՝ 5 տարի ժամկետով։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում, հայտնում է BFMTV-ն։
Տոնակատարության ժամանակ երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը հերթական անգամ հայտարարել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Դրանից հետո Մակրոնը հռչակվել է Պատվո լեգեոնի շքանշանի մեծ վարպետ, ինչը նշանավորել է նրա երկրորդ ժամկետի սկիզբը:
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մակրոնն ու «Ազգային միասնություն» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պայքարում էին նախագահի պաշտոնի համար։ Երկրի Սահմանադրական խորհրդի վերջնական տվյալների համաձայն՝ Մակրոնը ստացավ ձայների 58,55%-ը։