‹‹Ցույց տվեք մեկին, ով նման դեպքում ասել է՝ ես մեղավոր եմ, գնում եմ››. Թևան Պողոսյանը՝ Ջհանգիրյանի մասին
ՔաղաքականԲԴԽ նախագահի ժամանակավոր պատոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ փորձեց բացատրություններ տալ իր և Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի հրապարակված ձայնագրության վերաբերյալ: Ձայնագրության մեջ հնչեցված մտքերի և Ջհանգիրյանի մեկնաբանությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ:
‹‹Ցանկացած պետության և պետականության համար խնդիրները պետք է լուծվեն պետական գրասենյակներում, քննարկումները կայանան օրենքների շրջանակներում, բայց, ցավոք, սկսած 1991թ.՝ մեր քաղաքական մշակույթը որևէ կերպ չի փոխվել: Մենք հազարավոր գաղտնազերծված ձայնագրություններ ենք լսել և որևէ քաղաքական հետևանքներ չենք տեսել:
Այն օրը, երբ ես մամուլում կկարդամ, որ այս մարդը հրաժարական է տվել և ասել է, որ ինքը անմեղ է, բայց որոշել է դատական համակարգում պաշտպանել իր անունը և անմեղությունը, այդ օրը ես կմտածեմ, որ ունենք առաջնորդության ինչ-որ դեպք, որը պայքար է հանուն արդարության››,-ասաց Պողոսյանը:
Նա նշեց նաև, որ Գ. Ջհանգիրյանը նշել էր, որ մեկնաբանություն չի տալու այդ ձայնագրության վերաբերյալ, ու զարմանալի է, թե ինչու հետո սկսեց մեկնաբանել:
‹‹Բնական է, որ պետք է ասեր, որ ինքը անմեղ է: Ցույց տվեք մեկին, ով նման դեպքում ասել է՝ ես մեղավոր եմ, գնում եմ: Ամբողջ խնդիրն այն է, որ պետականության հանդեպ կարևոր որոշում կայացնելիս չեն օգտագործել օրենքով սահմանված կարգերը. գնացել են ուժային բանկցությունների››,-եզրափակեց քաղաքագետը:
Սուսաննա Թամազյան