Ճակատագրական բացթողումներ, թերացումներ և սկանդալներ. ինչով է աչքի ընկել Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ Արթուր Պողոսյանը
ՎերլուծականՕրերս բավական մանրամասն անդրադարձել էինք «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արթուր Պողոսյանի դեմ ՀՀ քննչական մարմինների ներկայացված մեղադրանքներին: Ինչպես և նշել էինք՝ շարունակում ենք լուսաբանել նրա ոդիսականը և այսօր կանդրադառնանք Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս «բուռն» գործունեությանը:
Սկսենք նրանից, որ այդ գործունեությունը այնքան «բուռն» էր, որ ճակատագրական սխալներից խուսափել չէր ստացվում: Դիցուք՝ ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինն ուսումնասիրել և ամփոփել էր 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռները՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից նույնաբնույթ խախտումները կանխարգելելու նպատակով։ Եվ պարզվել է, որ 2015թ. ընթացքում Կոմիտեի վարույթում նախաքննությունն ավարտված քրեական գործերով կայացված դատական ակտերով արդարացված 3 քաղաքացու գործերը քննվել են հենց Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Ի՞նչ է սա, եթե ոչ լրջագույն բացթողում և անպատասխանատու խաղ՝ մարդկային ճակատագրերի հետ:
Պողոսյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2014 թվականին, պաշտոնից ազատվել՝ 2017-ին: Վերջինիս ղեկավարման տարիներին բաժնում քննվել են մի շարք ռեզոնանսային քրեական գործեր: Դիցուք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2016 թվականին հարուցվել էր քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ: Հասկանալի պատճառներով գործն անչափ մեծ աղմուկ էր առաջացրել, սակայն վերջին ինֆորմացիան, որ առկա է մամուլում այս գործով, այն է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար, գործը արագ բացահայտել փաստացի չի հաջողվել:
2016-ին Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ 68-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, վերջինիս բացահայտումը նույնպես գրվել է սառույցին, չնայած որ գործ ունեինք ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` սպանության փորձի հետ, ինչը պետք է անհապաղ և օպերատիվ քննության առնվեր:
Մեկ այլ դեպք: 2017 թվականին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Երեւանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, առեւանգելու եւ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Նույնպես անչափ ռեզոնանսային գործ, որի բացահայտումն այնքան ձգձգվեց, որ բացահայտվեց միայն Պողոսյանի՝ բաժնի պետի պաշտոնը լքելուց ամիսներ անց:
Վերը նշված ոչ օպերատիվ կերպով քննված և չբացահայտված գործերից մեկի մասին էլ հիշեցրեց մեզ Lurer.com-ի խմբագրության հետ կապ հաստատած ջավախահայ քաղաքացին, ով անոնիմ մնալու պայմանով պատմեց անչափ ուշագրավ մի դրվագ: 2017 թվականին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել 20-30 ջավախահայերի մասնակցությամբ (ինչպես հասկացաք՝ խմբագրություն զանգահարած քաղաքացին մասնակիցներից մեկն էր): Պարզվում է, որ այս գործը քննվել է Արաբկիրի քննչական բաժնում: Մեր զրուցակիցը պատմեց, որ բավական ուշագրավ զրույց է տեղի ունեցել իրենց և Արթուր Պողոսյանի միջև: Այս դրվագին հետագայում առավել մանրամասն և հանգամանալից կանդրադառնաք՝ առանձին նյութով: Միայն նշենք, որ վերը նշված զրույցից ընդամենը շաբաթներ անց Արթուր Պողոսյանն ազատվել է Արաբկիրի քննչական բաժնի պետի պաշտոնից:
Հաշվի առնելով, որ Պողոսյանի քննչական բաժնում աշխատելու տարիներին եղել են բազմաթիվ դժգոհություններ, ապա Lurer.com-ը պատրաստ է լուսաբանել Պողոսյանի նախկին գործընկերների՝ քննիչների և նաև շարքային քաղաքացիների ունեցած տեղեկությունները: Եթե Պողոսյանի հակաօրինական գործունեության մասին լրացուցիչ տեղեկություն ունեք, ապա կարող եք գրել մեր [email protected] էլեկտրոնային հասցեին:
Առկա են կասկածներ, որ քննչական բաժնի նախկին պետի գործողություններից տուժածների իրական թիվն այսքան «համեստ» չէ և մենք օրենքի սահմաններում մտադիր ենք վեր հանել բոլոր տեղեկությունները, որոնք լույս են սփռում Արթուր Պողոսյանի այն գործողությունների վրա, որոնք հետագայում գուցե դիտարկվեն հակաիրավական և վերջիններիս բավարար լինելու դեպքում գլխավոր դատախազությունը դրանք կարող է ընդունել իբրև հանցագործության մասին հաղորդում: