ԱՄՆ-ն փորձում է միջամտել Թուրքիայում նախագահական ընտրություններին. Թուրքիայի ՆԳ նախարար
ԹուրքիաԱՄՆ-ն փորձում է միջամտել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին չորեքշաբթի գիշերը հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«ԱՄՆ-ի՝ ընտրություններին միջամտելու ծրագրերն ակտիվանում են։ Արևմուտքը մեր համակարգ ներթափանցեց 1960 թվականից հետո, բայց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերացրեց այդ բոլոր արևմտյան ներթափանցումները: 2023 թվականի ընտրություններում մեր հաղթանակի պահից հարյուրամյա կայունություն կսկսվի հանրապետությունում»,- Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքերը մեջբերում է Milliyet թերթը։
Ըստ ԿԸՀ-ի՝ մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել Թուրքիայի 64 միլիոն քաղաքացիներ, իսկ արտասահմանում արդեն քվեարկել է ավելի քան 1,6 միլիոնը։ Ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում և արտերկրում կտեղադրվի 191884 քվեատուփ։ Նախագահական ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու, գլխավոր հավակնորդներ են համարվում Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին։ Տեղի քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով։ Այս դեպքում երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին, և ձայների պարզ մեծամասնությամբ հաղթող կճանաչվի թեկնածուն։