Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 3. Միհրան Պողոսյան
ՎերլուծականԱրցախում վերջին օրերին տեղի ունեցող ողբերգական գործընթացների ֆոնին շարունակում են քար լռություն պահպանել տարիներ շարունակ Հայաստանի պետական կառավարման համակարգում բարձր դիրքեր զբաղեցրած նախկին պաշտոնյաները, գործարարները, որոնց լռությունն օր-օրի դառնում է ավելի տարակուսելի:
Այդպիսի պաշտոնյաների շարքին կարելի է դասել ԴԱՀԿ պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած, իսկ այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին։ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Վերջինս Ստեփանակերտում Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար հասնում էր Արցախ, կենացներ բարձրացնում արցախցու պատվին, հայտարարում, որ ազատ արցախցին իրավունք ունի ապրելու իր հողի վրա և որ Արցախի հիմնախնդրի կարգավորը բարեկեցիկ և զարգացած կյանք կառուցելու մեջ է:
Բացի այդ, նույն Միհրան Պողոսյանը, արդեն օֆշորային սկանդալից հետո տեղափոխվելով ԱԺ, պատգամավորի կարգավիճակով էր զարգացման ծրագրեր ներկայացնում Արցախի համար՝ կոչ անելով ամրապնդել Հայաստան-Արցախ համագործակցությունը, ընդգծելով, որ արդյունավետ աշխատանքն սկսում է հայրենիքի հանդեպ սիրուց:
2019-ին, դեռևս պատերազմի մեկնարկից առաջ Պողոսյանը հայտարարում էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն ու երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը հատել են վտանգավոր եզրագիծը և կոչ էր անում իշխանություններին հեռանալ: Այսօր, երբ այդ իշխանությունները ոչ միայն չեն հեռացել, այլ մի բան էլ պատրաստվում են վերջնականապես հանձնել Արցախը՝ Պողոսյանը ընդհատակ է անցել և անգամ մեկ հայտարարություն չի արել այս մասով: Մաքսիմումը, ինչին ականատես եղանք, դա Պողոսյանի հպարտ կոչն էր իշխանություններին՝ գտնել իրեն և ձերբակալել, եթե կարող են: Նա առանձնահատուկ կերպով ընդգծում էր, որ Արցախի դրոշի տակ նստած սպասում է: Արցախի դրոշը Ստեփանակերտում վաղը կարող է փոխարինվել ադրբեջանականով, սակայն անգամ այս հանգամանքը չի ստիպում Պողոսյանին դուրս գալ ընդհատակից և առնվազն քաղաքացիական դիրքորոշում հայտնել, այնպես, ինչպես արեց 2019-ին, երբ պահանջում էր այս իշխանությունների հրաժարականը:
Շարունակելի...