Բաքուն ԵՄ–ին մեղադրել է «կողմնակալության» մեջ
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարությունները։
Հաջիզադեն Ստանոյին մեղադրել է կողմնակալության մեջ, Հայաստանին մեղադրել «օկուպացիայի և էթնիկ զտումների մեջ»՝ փորձելով արդարացնել Բաքվի ագրեսիան արցախահայության նկատմամբ։
«Մենք միջամտություն ենք համարում վերաինտեգրման գործընթացին ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ստեղծման մասին, ովքեր անձնական որոշում են կայացրել Հայաստան գաղթել։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, այս տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։
Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգին հաստատուն է, և այդ դիրքորոշումն ապացուցվել է 2020 թվականի նոյեմբերից որպես խաղաղության պայմանագրի նախաձեռնող մեր կողմից ձեռնարկված հետևողական քայլերով»,– ասված է հաղորդագրության մեջ։