Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին հրավիրել է Երևան
Արտաքին ՔաղաքականՀունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
«Պարոն Գերապետրիտիսը ողջունել է Հայաստան-Ադրբեջան համատեղ հռչակագիրը, որտեղ նշվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։
Հունաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։
Պարոն Գերապետրիտիսն իր հայ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները և տեղեկացրել Հունաստանի և Թուրքիայի միջև երեկ կայացած համագործակցության բարձր խորհրդի արդյունքների մասին։
Իր հերթին Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Գերապետրիտիսին Հունաստանի աջակցության համար և ողջունել Հունաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը` բնութագրելով այն որպես դրական զարգացում, որը դրական հետևանքներ կունենա տարածաշրջանային կայունության համար:
Պարոն Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է Երևան։
Պարոն Գերապետրիտիսն ընդունել է հրավերը՝ նշելով, որ այն առաջիկայում կկազմակերպվի դիվանագիտական խողովակներով։
Երկու նախարարները կհանդիպեն երկուշաբթի օրը Բրյուսելում, որտեղ Արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակներում՝ Հունաստանի նախաձեռնությամբ, տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների աշխատանքային նախաճաշ, որտեղ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրավիրված է՝ որպես պաշտոնական հյուր։
Պարոն Գերապետրիտիսն ընդգծել է, որ Հունաստանը մեծ կարևորություն է տալիս տեղահանված բնակչության հումանիտար կարիքները հոգալու անհարժեշտությանը, ԵՄ-ի և Հայաստանի միջև ինստիտուցիոնալ երկխոսության խթանմանը։
Գերապետրիտիսը հավելել է, որ Հունաստանը ակտիվորեն կնպաստի երկու հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերի շարունակականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։