Խաղաղության խաչմերուկ․ զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության՝ ՀՀ կոչը․ նախագահի հոդվածը
ՔաղաքականՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոդված է հրապարակել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում՝ «Խաղաղության խաչմերուկ․ զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության՝ Հայաստանի կոչը» վերտառությամբ: Հոդվածում ՀՀ նախագահը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն «անդրադառնում է ճգնաժամերի գինն իմանալու կարևորությանը, առաջ է մղում վստահության միջոցով խաղաղության կառուցումը և ուսումնասիրում, թե իրական ժողովրդավարությունը և տեխնոլոգիական նորարարություններն ինչպես կարող են փոխակերպիչ լինել և փոխադարձաբար պաշտպանել ու քաջալերել միմյանց»:
«Այսօրվա բարդ աշխարհաքաղաքական փոփոխությունների և համաշխարհային մասնատված քաղաքականության լանդշաֆտի համատեքստում Հայաստանը պատկերացնում է աշխարհ, որն ամրապնդվում է գլոբալ համագործակցությամբ՝ նորացված և արդյունավետ բազմակողմանիության շրջանակներում», - գրում է Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ Հայաստանն, անցնելով պատմական փոթորիկների միջով, այժմ ավելի ամուր է, հարմարվել է իրականությանը և սովորել գոյատևել։
ՀՀ նախագահը գրում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ընդգծում է տնտեսական համագործակցության և նոր աշխարհակարգում ընդհանուր արժեքների կարևորությունը։
«Տնտեսական համագործակցությունը հանդիսանում է գլոբալ կայունության, անվտանգության և բարգավաճման կապող օղակ: Հայաստանն իր հմուտ աշխատուժով և կայուն զարգացմանը հանձնառությամբ լավ դիրք ունի զարգացող տնտեսական լանդշաֆտում կարևոր դեր խաղալու համար», - գրում է Խաչատուրյանը՝ հավելելով, որ Հայաստանն ակտիվորեն ձգտում է աշխարհի այլ երկրների հետ առևտրի, ներդրումների և համագործակցության։
ՀՀ նախագահը կարևորություն է տալիս ազատությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և նորարարություններին՝ որպես կարևոր գործիքներ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով նավարկելու համար։