Անկեղծ ասած` տեղյակ էլ չեմ ինչի մասին եք ասում․ ՊՆ փոխնախարարը՝ ՊՆ կայքից Արցախյան ազատամարտ բաժնի հեռացման մասին
ՔաղաքականԱյսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց ՊՆ պաշտոնական կայքից 2-2․5 տարի առաջ անհետացած «Արցախյան ազատամարտ» բաժնի մասին․
«Ի վերջո ՀՀ ԶՈՒ-ն ձևավորվել է Արցախյան ազատամարտի հիման վրա, հիմա ՊՆ-ն պատճառաբանում է տեխնիկական խնդիրներով, հնարավոր չէ՞ր արդյոք 2-2․5 տարում վերացնել այդ խնդիրները․ ե՞րբ կվերականգնվի այդ բաժինը կայքում»,- հետաքրքրվեց Մանուկյանը, սակայն ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանն ի պատասխան հայտնեց, որ խնդիրը իր պաշտոնեական պարտականությունների շրջանակից դուրս է․
«Անկեղծ ասած, տեղյակ էլ չեմ ինչի մասին եք ասում»,- հավելեց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նաև մեկ այլ հարց հնչեցրեց՝ ե՞րբ ՀՀ ԶՈՒ-ն հանդես կգա նոր հանդերձանքով։ Հարցին պատասխանելիս ՊՆ փոխնախարարը նկատեց, որ ուսումնասիրվում է լավագույն միջազգային փորձը․
«Մենք համագործակցում ենք Ֆրանսիայի և այլ առաջադեմ բանակներ ունեցող երկրների հետ։ Ձեր սպասումները կխնդրեի՝ լինեին ոչ թե արագ անելու շուրջ, այլ լավ որակի հագուստ ունենալու շուրջ․ եթե դրա համար պետք է մի քանի տարի, այո՛, պետք Է մի քանի տարի սպասել»,- պնդեց Բրուտյանը։