Ճապոնիան իսկապես ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ դեսպան Յուտակա Աոկի
ՀասարակությունՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը հանդիսավորությամբ նշեց այդ երկրի ազգային տոնը՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան 64-րդ ամյակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին ասաց որ Ճապոնիան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ՝ հարուստ պատմությունից մինչև գեղեցիկ բնությունը, մշակույթն ու ավանդույթները։ Դեսպանն առանձնահատուկ նշեց, որ Հայաստան գալուց առաջ իր հայրենիքում վայելում էր Ֆուձիյամա լեռան տեսարանը, իսկ երբ ինքնաթիռով ժամանեց Երևան, պատուհանից տեսավ Արարատ լեռը, որը, դեսպանի խոսքով, հայերի համար խորհրդանիշ է, ինչպես Ֆուձիյաման ճապոնացիների համար։
«Ճապոնիան և Հայաստանը գործընկերներ են, որոնք կիսում են ժողովրդավարության, օրենքի գերակայության և Մարդու իրավունքների հիմնարար արժեքները։ Մենք կարող ենք միասին աշխատել՝ պահպանելու և ամրապնդելու ազատ և բաց միջազգային աշխարհակարգը՝ հիմնված օրենքի գերակայության վրա։ Ճապոնիայի կառավարությունն ամուր կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի աջակցել երկխոսության միջոցով այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն միտված Հայաստանի ջանքերին»,- ասաց դեսպան Աոկին։