Իրանցի երգիչը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել երգի պատճառով
ԻրանԻրանցի փոփ աստղ Շերվին Հաջիփուրը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել «Գրեմմի» մրցանակի արժանացած երգի պատճառով։ Այս մասին հայտնում է Alarabiya News-ը։
«Baraye» երգը, որը գրել է Հաջիփուրը, դարձել էր 2022 թվականի սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո սկսված իրանական բողոքի ակցիայի հիմնը: Երգիչը թողարկել էր երգը համազգային ցույցերի ժամանակ, իսկ անցած փետրվարին դրա համար արժանացավ «Գրեմմիի»:
Այն ժամանակ 71-ամյա Ջիլ Բայդենը բեմ բարձրացավ՝ մրցանակը հանձնելու Հաջիփուրին: ԱՄՆ նախագահի կինը մեղեդին անվանել էր «ազատության և կանանց իրավունքների հզոր պոետիկ կոչ»:
Այսօր երգիչը Instagram-ի իր էջում հայտնել է, որ դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ «մարդկանց անկարգությունների դրդելու համար»։ Հայտնի է, որ նա դատապարտվել է նաև «ռեժիմի դեմ քարոզչության» համար։ Նա իր ժամանակը կանցկացնի ճաղերի հետևում` «մարդկության դեմ ԱՄՆ վայրագությունների» մասին երգ գրելով: Բացի այդ, դատարանի որոշման համաձայն՝ Հաջիփուրը պետք է մասնակցի Իսլամական հեղափոխության «ձեռքբերումները» պրոպագանդող միջոցառումներին։