Նիագարայի ջրվեժի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱշխարհՆիագարայի ջրվեժի (Օնտարիո) մոտ գտնվող Կանադայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ապրիլի 8-ին սպասվող արևի ամբողջական խավարման պատճառով։
«Արտակարգ դրություն է հայտարարվում [մարզային] Արտակարգ իրավիճակների կառավարման և քաղաքացիական պաշտպանության ակտի դրույթների համաձայն», - ասվում է Նիագարայի շրջանի մամուլի հաղորդագրության մեջ: Այս միջոցը, ինչպես նշված է փաստաթղթում, թույլ կտա տեղական իշխանություններին արագորեն կիրառել լրացուցիչ միջոցներ՝ ապահովելու օրենքն ու կարգը և պաշտպանելու ենթակառուցվածքները:
Նիագարայի ոստիկանությունը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ մինչև մեկ միլիոն մարդ կարող է մեկնել տարածաշրջան՝ տեսնելու արևի խավարումը, քանի որ Նիագարայի ջրվեժը բնական երևույթը դիտելու լավագույն վայրերից մեկն է աշխարհում: Այս առումով ջրվեժի տարածքում ոչ միայն մարդկանց մեծ կուտակումներ են սպասվում, այլև մեքենաների երթևեկության հետ կապված խնդիրներ, երկար հերթեր գազալցակայաններում, խանութներում, ռեստորաններում և այլ սպասարկման կենտրոններում։ Այս հոսքերը կարգավորելու համար տեղական իշխանությունները մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները:
Նիագարայի շրջանի կառավարության կայքում նշվում է, որ ապրիլի 8-ին՝ տեղական ժամանակով 14:04-ից մինչև 16:32-ը (Երևանի ժամանակով՝ 22:04-00:32) տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում: Լուսինն ամբողջությամբ կծածկի Արեգակը տեղական ժամանակով՝ 15:18-ին (Երևանի ժամանակով՝ 23:18-ին): Նշվում է, որ այդ ժամանակահատվածում վտանգավոր է դիտել արևի խավարումն` առանց տեսողությունը հատուկ պաշտպանելու։