Ռուսաստանը կկարողանա մասշտաբային հարձակում սկսել միայն մեկ ուղղությամբ. ISW
Համաշխարհային ՄամուլՊատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ռազմաճակատի իրադարձությունների վերաբերյալ իր վերջին զեկույցում նշել է, որ հարձակման ընթացքում ռուսական բանակը կկարողանա աջակցել հարձակողական գործողություններին ոչ ավելի, քան մեկ օպերատիվ ուղղությամբ: ISW փորձագետները ենթադրում են, որ նման ուղղություն կարող է լինել Դոնեցկի շրջանի արևմուտքը, մասնավորապես, Ավդեևկա քաղաքի տարածքը, որը վերջերս անցել է ռուս զինվորականների վերահսկողության տակ։
Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը վկայակոչում է ռուսական ուժերի անհաջող հարձակումը, որը տեղի է ունեցել մարտի 30-ին Ավդեևկայի մոտ գտնվող Տոնենկոե գյուղի մոտ, որպես ապացույց, որ ռուսական բանակը կարող է կենտրոնացնել իր հիմնական ուժերը այնտեղ։
Ինչպես նշվում է զեկույցում, ուկրաինական ուժերն այս շրջանում կարողացել են հետ մղել ռուսների գրոհը։ ISW-ի հեղինակները, հղում կատարելով ուկրաինացի զինծառայողներին, գրել են, որ մարտի 30-ին Տոնենկոյեի մոտ ՌԴ բանակը մարտի է ուղարկել 36 տանկ և 12 հետևակի զրահամեքենա։
ISW-ի փորձագետների կարծիքով՝ մարտի 30-ի գրոհի մասշտաբը էական փաստ է, քանի որ ռուսական ուժերը չեն դիմել նման գործողությունների 2023 թվականի հոկտեմբերին Ավդեևկայի հարձակումից ի վեր։
«Ուկրաինայի՝ մարտի 30-ի գրոհը հետ մղելու ունակությունը հատկապես Ավդեևկայի մոտ, որտեղ ուկրաինական զորքերը ստիպված էին նահանջել, «դրական վկայությունն է այն մասին, որ Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է պաշտպանվել ռուսական ապագա հարձակումներից 2024 թվականի ամռանը»,- կարծում են փորձագետները։
Ավդեևկայի մոտ ռուսական ուժերի հարձակման մասշտաբը վկայում է այն մասին, որ ռուսական ռազմական ղեկավարությունը առաջնահերթ է համարում հենց այդ ուղղությունը, և հենց այստեղ կարող է կենտրոնանալ ապագա ամառային հարձակումը, ենթադրում են ISW-ի ամփոփագրի հեղինակները։
Ուկրաինացի պաշտոնյաները վերջերս նախազգուշացրել են Խարկով-Լուգանսկ առանցքում ռուս զինծառայողների կուտակման մասին Բախմուտի, Ավդեևկայի մոտ և Զապորոժիեի մարզի արևմուտքում։ Բայց ISW-ն շարունակում է կարծել, որ ՌԴ բանակը կկարողանա մասշտաբային հարձակողական գործողություններ սկսել միայն մեկ օպերատիվ ուղղությամբ՝ զորակազմի և պլանավորման սահմանափակումների խնդիրների պատճառով»։